Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի դիմումը
Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը․ - «Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քրեական դատավարության 135 և 35 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ և քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի կապակցությամբ»:
Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Դրանից երկու օր առաջ դատավոր Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց: