Ինդոնեզիայում կրակայրիչների գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, որից 3-ը երեխաներ են
Ինդոնեզիայում կրակայրիչների գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, որից 3-ը երեխաներ են, գրում է Reuters-ը՝ ոստիկանությանը հղումով:
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Հյուսիսային Սումատրա նահանգի Բինջայ բնակավայրում: Ականատեսների համաձայն՝ գործարանի շենքում նախ պայթյուն է որոտացել, որից հետո խոշոր հրդեհ է բռնկվել:
Քանի որ գործարանը գտնվել է նեղ փողոցներով թաղամասում, հրշեջների ժամանումը դեպքի վայր դժվարացել է, ինչն իր հերթին հրդեհաշիջման աշխատանքների հապաղման է հանգեցրել: Չնայած հրշեջների ու տեղացի կամավորների ջանքերին՝ գործարանի շենքն ամբողջությամբ այրվել է:
«Բոլոր զոհերը մահացել են գործարանի ներսում, որտեղից չեն կարողացել դուրս գալ, կրակն արգելափակել է նրանց: Կասկած ունենք, որ շինությունը վթարային ելք չի ունեցել»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Բոլոր զոհերի մարմինները դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: