Ռուսաստանում կեսարյան հատման ժամանակ մոռացված վիրաբուժական ունելին 23 տարի մնացել է կնոջ որովայնում
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում 62-ամյա կնոջ մարմնում վիրահատական ունելի է հայտնաբերվել, գրում է eadaily.com թերթը:
Եզետա Գոբեևան ավելի քան 2 տասնամյակ ապրել է որովայնի շրջանում սուր ցավերով, սակայն բժիշկները դա միշտ վերագրել են լյարդի հետ կապված խնդիրներին և որևէ բուժում չեն իրականացրել, փոխարենը միայն ցավազրկող դեղեր են նշանակել:
Նշվում է, որ կնոջ մոտ ցավերը սկսվել են 1996թ.-ին, երբ նա կեսարյան հատման է ենթարկվել: Գոբեևային միայն վերջերս են ռենտգենային հետազոտություն նշանակել, որից պարզ է դարձել, որ նրա որովայնի խոռոչում կեսարյան հատումից ի վեր վիրահատական ունելի է մնացել:
«Ես շոկի մեջ էի, դրանից հետո ոչինչ չեմ հիշում: Ես հիստերիկ կերպով լացում էի: Այդքա՜ն տարի ես տանջվել եմ»,- խոստովանել է կինը:
Վիրահատական ունելին դեռևս Եզետայի մարմնում է, սակայն այն հեռացնելու համար արդեն վիրահատություն է նշանակվել: Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, նա անձամբ կհետևի դրա ընթացքին: Հանրապետության իշխանությունները կվճարեն վիրահատության համար, իսկ կնոջը ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի: