Լուկաշենկոն Կադիրովին «եղբայր» է անվանել և նրան շքանշանով պարգևատրել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ժողովուրդների բարեկամության շքանշան է ստացել Մինսկի և Գրոզնիի միջև բարեկամական կապերի և համապարփակ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
Ինչպես նշում է vesti.ru-ն, Լուկաշենկոն Կադիրովին «եղբայր» է անվանել:
Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ 2019թ. փետրվարին Կադիրովն օգնել է ազատել Լիբիայում գերության մեջ գտնվող Բելառուսի քաղաքացուն, ինչպես նաև խոստացել է օգնել Լիբիայում դեռևս անազատության մեջ գտնվող բելառուսներին տուն վերադարձնելու հարցում:
«Շնորհակալություն մեր հայրենակիցների համար, որոնց դժվար թե տեսնեինք Բելառուսում, եթե նրանց չազատեիր: Դու պարզապես ընկեր չես, դու ինձ, մեր ազգի համար եղբայր ես»,-ասել է Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարը հավելել է, որ շատ կցանկանար «առանց ավելորդ մարդկանց» լինել Չեչնիայի և Դաղստանի լեռներում: Նա ընդգծել է, որ ջերմ զգացմունքներ է տածում Կադիրովի և քաջարի կովկասցիների նկատմամբ:
Կադիրովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին պարգևի համար և նրան Չեչնիա է հրավիրել: