Marvel կինոստուդիան առաջարկել է Կիանու Ռիվզին «նկարահանվել իրենց գրեթե յուրաքանչյուր ֆիլմում»
Ամերիկյան Marvel կինոստուդիան կանադացի դերասան Կիանու Ռիվզի հետ համագործակցության շուրջ բանակցություններ է վարում, այս մասին Comic Book հարթակին հայտնել է ստուդիայի տնօրեն Քևին Ֆայգին:
«Մենք նրան առաջարկում ենք նկարահանվել մեր գրեթե բոլոր ֆիլմերում: Չգիտեմ՝ երբ նա կմիանա Marvel-ին, եթե երբևէ միանա, սակայն մենք շատ ենք ցանկանում ճիշտ ճանապարհը գտնել դա անելու համար»,- ասել է նա:
Ֆայգին Ռիվզին համեմատել է Ջեյք Ջիլենհոլի հետ, որը համաձայնել էր նկարահանվել ստուդիայի ֆիլմում, երբ նրա համար «իդեալական դեր» էին գտել: Խոսքը «Սարդ-մարդը. Վերադարձ դեպի տուն» ֆիլմի մասին է: Ստուդիայի տնօրենը հույս է հայտնել, որ Ռիվզի դեպքում նույնպես այդպես կլինի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում խնդրագիր էր հայտնվել, որով Ռիվզի երկրպագուները պահանջում են նրան Time պարբերականի վարկածով տարվա մարդ ճանաչել: Ներկա պահի դրությամբ խնդրագիրն արդեն մոտ 56 000 մարդ է ստորագրել: