Թեհրանը հայտարարել է, որ իրանցիները հավաքել են խոցված ամերիկյան անօդաչուի մասերը
Իրանը հավաքել է խոցված ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու ինքնաթիռի մասերը: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զարիֆը նշել է, որ ամերիկյան անօդաչուն խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողների կողմից, այն բանից հետո, երբ այն խախտել է սահմանը և ներխուժել Իրանի օդային տարածք:
«Մեզ հաջողվել է հավաքել ԱՄՆ ռազմական ինքնաթիռի մասերը մեր տարածքային ջրերից»,- գրել է Իրանի արտգործնախարարը:
Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ անօդաչուն թռիչքն իրականացրել է միջազգային օդային տարածքում, և այն «դիտորդական առաքելություն» է իրականացրել Հորմուզի նեղուցում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել էր միջադեպը և հայտարարել, որ «Իրանը շատ մեծ սխալ է գործել»: