Հայտնաբերվել է Ալավերդիում ոչ սթափ վիճակում որսորդական հրացանից օդ կրակած անձը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 20-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ապրիլի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում չպարզված զենքից կրակոց արձակած անձին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Թումանյանի բաժին է ներկայացել Ալավերդի քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռոբերտ Կիրակոսյանը, որը խոստովանել է, որ Սայաթ-Նովայի փողոցում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր ընկերոջը՝ նույն փողոցի բնակիչ, 45-ամյա Կարեն Աղեկյանին պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից օդ է կրակել:
Կայքը նշում է, որ Ռ. Կիրակոսյանը աշխատում է «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ՖԲԸ-ում՝ որպես ավտոծառայության պետ: Ոստիկանները հայտնաբերել են նաև հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: