Ծրագրում նշվում է, որ 30 000 աշխատակից ստվերից դուրս են եկել, ինչպե՞ս եք հաշվարկել. Մանե Թանդիլյանը՝ ՊԵԿ նախագահին
Համալիր ստուգումները մեզ համար ապագա չեն, պետք է զարգացնեն վերլուծական կարողությունները. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անանյանը անդրադարձավ նաև այլընտրանքային ստուգումներին, որի համար նույնիսկ օրենք էր նախատեսվում: «Դա արտաբյուջեի ձևավորման համար էր: Փառք Աստծո, մենք պարոն Ջանջուղազյանի հետ արտաբյուջեները ջախջախեցինք, վերջին մոհիկանը ՊԵԿ-ի արտաբյուջեն էր, դա էլ կարգավորվեց, հիմա միասնական նախագծով հանդես կգանք»,-ասաց նա:
Անանյանը նշեց, որ իրենք պետք է հարկային ծառայություն մատուցեն, ոչ թե խորհրդատվական ծառայության միջոցով փորձեն հարկերը պատշաճ ներկայացնել: «Մեր գործունեությամբ պետք է օժանդակենք, ծառայենք, որպեսզի հարկ վճարողները իրենց հարկերը պատշաճ կարգով ինքնահայտարարագրեն»,-ասաց նա:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց, թե ծրագրում նշվում է, որ 30 000 աշխատակից ստվերից դուրս են եկել, ինչպե՞ս են հաշվարկվել, և եթե այդպես է, ի՞նչ եկամուտներ են ապահովվել նրանց մասով:
Դավիթ Անանյանը նշեց, որ իրենք վերցրել են միջին վիճակագրական տվյալներ. «Օրինակ՝ վերջին մեկ տարում ինչքան է ամսական ավելացումների քանակը, ասիքն 5-7 հազար ամեն ամիս բարձրացել է: Հունիսից սկսած միջին վիճակագրականը ավելացել է, բայց այդ 30 000-ը գնահատական է, այսինքն, եթե մենք ամեն ամիս ավելացում ունենք, բայց վեց ամիս շարունակ ավելացել է 10-15 000-ով, չենք ասել 50 000 է ավելացել, բայց հսկողական մեխանիզմներով նշում ենք ինչքան»,-ասաց նա:
Իսկ թե արդյունքում ինչքան գումար են բերել, ասաց, որ կդժվարանա ասել, քանի որ քանակը պետք է շրջանառությունների հետ գնահատեն: «Ունենք եկամտահարկի ավել հայտարարագրում, որի արդյունքում ավել ցուցանիշ ենք ունեցել»,-ասաց նա: