«ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի». Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանք է տարվում Եվրասիական տնտեսական միության երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) տարածքում ռոումինգի չեղարկման ուղղությամբ:
«ԵԱՏՄ-ում ռոումինգի արժեքը, այդ թվում և մեր ակտիվ գործունեության շնորհիվ կրճատվել է: Ցանկանում եմ ընդգծել, որ այստեղ ազդեցություն ունի նաև տարածության մասշտաբը: Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի ներսում ռոումինգը չեղարկվել է միայն անցյալ տարի:
Մենք աշխատանքներ ենք տանում որոշակի ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ ամբողջ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը կիրառվի Միության ամբողջ տարածքում», - ասել է Տիգրան Սարգսյանը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում:
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ռոումինգի չեղարկման հստակ ամսաթվերի մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ դեռ խորհրդակցություններ պետք է անցկացվեն բիզնես ոլորտի և բջջային կապի օպերատորների հետ: