«Նազարբաևն իր հրաժարականի մասին հայտարարելուց առաջ Պուտինի հետ չի խորհրդակցել». Պեսկով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հրաժարականի մասին հայտարարելուց առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի խորհրդակցել, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ոչ, Նուրսուլթան Աբիշևիչը չի խորհրդակցել, և, իհարկե, այդ մասին չէր կարող անգամ խոսք գնալ: Բայց, բնականաբար, նա հնարավոր ու անհրաժեշտ է համարել ՌԴ նախագահին տեղյակ պահել այն մասին, ինչը, կարելի է ասել, հասարակության սեփականությունը դարձավ խոսակցությունից մի քանի ժամ անց», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ղազախստանի առաջին նախագահը հրաժարականից առաջ խորհրդակցել է իր ռուս գործընկեր Պուտինի հետ:
Ըստ Պուտինի խոսնակի՝ Նազարբաևի զանգը երկու երկրների միջև բարեկամական ու դաշնակցային սերտ հարաբերությունների դրսևորում էր:
Նազարբաևը մարտի 19-ին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք:
Լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն փաստը, որ հրաժարականի հայտարարումից ժամեր առաջ Ղազախստանի առաջնորդը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ:
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում մարտի 20-ից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: