Չինաստանում առողջ ապրելակերպով տարված կինն արյան մեջ մրգահյութ է ներարկել և հազիվ փրկվել մահից
Չինաստանում ոչ ավանդական բժշկությամբ տարված 51-ամյա կինը 20 տարբեր մրգերի հյութը ներարկել է երակների մեջ, գրում է Oddity Central-ը:
Ցզեն ազգանունով կինն այնքան է տարված եղել առողջ ապրելակերպով, որ փետրվարի 22-ին մրգահյութը ներարկելուց հետո ուշադրություն չի դարձրել ի հայտ եկած ախտանշաններին:
Կնոջ ամուսինը, որը նկատել է նրա ախտանշաններն ու իմացել ներարկման մասին, կնոջը շտապ հիվանդանոց է հասցրել: Հիվանդանոցում կնոջ մոտ վարակ, լյարդի, սրտի ու երիկամների վնասվածքներ են ախտորոշվել, որոնք լրջորեն սպառնացել են նրա առողջությանը:
Բժիշկները 51-ամյա կնոջը դիալիզի են ենթարկել և հակաբիոտիկային բուժում նշանակել, ինչը, բարեբախտաբար, արդյունք է տվել՝ փրկելով Ցզենի կյանքը:
«Կարծում էի՝ թարմ հյութը շատ սննդարար է և այն արյան մեջ ներարկումից վնաս չի լինի: Պատկերացում չունեի, որ կարող էր ինձ այս վիճակին հասցնել»,- խոստովանել է կինը: