«Դեգեներատ վայրենիներ». Բրիջիթ Բարդոյին մտադիր են պատասխանատվության ենթարկել ռասայական ատելություն հրահրելու համար
20-րդ դարի ամենահայտնի կինոաստղերից մեկը՝ ֆրանսուհի Բրիջիթ Բարդոն, կարող է պատասխանատվության ենթարկվել ռասայական ատելություն հրահրելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 84-ամյա դերասանուհին սկանդալի կենտրոնում է հայտնվել Ֆրանսիային պատկանող Ռեունյոն կղզու բնակիչներին «դեգեներատ վայրենիներ» անվանելու համար:
Բարդոյի զայրույթի պատճառը եղել է այն, որ Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու բնակիչները, իր կարծիքով, դաժան վերաբերմունք են ցուցաբերում կենդանիների նկատմամբ:
«Տեղաբնիկները պահպանել են իրենց վայրենի գեները»,- կղզու իշխանություններին ուղղված բաց նամակում գրել է Բարդոն, որի համար անընդունելի է այն փաստը, որ կղզու բնակիչները զոհաբերում են այծերին, ինչպես նաև դաժան են կատուների և շների նկատմամբ:
Ֆրանսիական կինոյի լեգենդը նաև գրել է կղզում նախկինում տիրող կանիբալիզմի ավանդույթի մասին:
«Ռեունյոնի դեգեներատ բնակչությունը դեռևս կլանված է նախնիների բարբարոսական ավանդույթներով»,-նշել է դերասանուհին:
Այժմ կղզու իշխանությունները պատրաստվում են Բարդոյի դեմ հայց ներկայացնել: