Մանրամասներ են հրապարակվել Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի գալիք հանդիպման օրակարգից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Վիետնամի մայրաքաղաքում փետրվարի 27-28-ը կանցկացվի նույն ձևաչափով, ինչպես Սինգապուրում անցյալ տարի անցկացված գագաթնաժողովը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողների համար հեռախոսային ճեպազրույցում հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: «Կարող եմ ասել, որ ձևաչափով այն մեզ կհիշեցնի այն, ինչ տեսել ենք Սինգապուրում: Առաջնորդները հնարավորություն կունենան հանդիպելու առանձին, միասին ճաշելու, մասնակցելու իրենց պատվիրակությունների ընդլայնված ձևաչափով հանդիպումներին», - ասել է նա:
Վերջինս ընդգծել է, որ հիմնականում քննարկվելու է ԿԺԴՀ ապամիջուկայնացման հարցը, որի մասին համաձայնություն կողմերն արդեն ձեռք են բերել, և դա գլխավոր նպատակն է, որին ձգտում է հասնել Թրամփը:
«Բացի այդ, նախագահ Թրամփը սառույցը հալեցնելուց հետո ձգտում է Կիմ Չեն Ընի հետ զրուցել ապագայի մասին, որը կարող է ունենալ Հյուսիսային Կորեան, եթե կատարի իր խոստումը վերջնական ապամիջուկայնացման հարցում», - հավելել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: