Այս պահին օրհներգ փոխելու հարց չի դրվում. պարզաբանում են աշխատանքային խմբի անդամները
Քանի որ Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգի խոսքերը ժամանակավրեպ են համարվում, ձևավորվել է աշխատանքային խումբ, բանաստեղծությունների մրցույթ է հայտարարվել, որ այդ հրաշալի ստեղծագործությունը նորից կյանքի կոչվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվում, և որ այս հարցով ստեղծվում է աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի անդամներից է Արմինե Գրիգորյանը: Նա նշեց, որ թանգարանը դեռ անցած տարվա հունիսից էր ստորագրահավաք սկսել ՀՀ ներկայիս օրհներգը փոխելու և աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգը վերադարձնելու առաջարկով:
«Այս պահին սա քաղաքական հարց չէ, ուղղակի այդ հանճարեղ մարդու հանճարեղ ստեղծագործությունը պետք է հնչի: Իսկ թե այն կհնչի որպես պետական օրհներգ, թե ոչ, դա արդեն ուրիշ հարց է: Մեզ համար կարևորը, որ Խաչատրյանի ստեղծագործությունը կրկին հնչի»,- շեշտեց նա:
Արմինե Գրիգորյանը հիշեցրեց, որ դեռևս 2006 թվականին օրհներգի երաժշտության մրցույթ էր հայտարարվել, և Արամ Խաչատրյանի օրհներգը հաղթել էր: «Այնուհետև հայտարարվել էր մրցույթ բանաստեղծության համար, և այդ փուլին կանգ առավ այդ գործընթացը: Ըստ էության, սա 2006 թվականին սկսված նախաձեռնության շարունակությունն է»,- նշեց նա:
Հարցին՝ այլ կերպ հնարավոր չէ՞ այդ ստեղծագործությունը հնչեցնել, մրցույթ հայտարարել, պարտադի՞ր է օրհներգ փոխելու օրակարգ առաջ քաշել, նա պատասխանեց. «Սա օրհներգը փոխելու օրակարգով չի: Քանի որ Խաչատրյանի այդ ստեղծագործությունը օրհներգ է կոչվում, դրա համար էլ այդպես է նախաձեռնությունն անվանվում, այլապես սա մրցույթ է Խաչատրյանի այդ ստեղծագործության համար բանաստեղծություն ընտրելու համար»:
Գրիգորյանի խոսքով՝ օրհներգի շուրջ կրքերը չեն մարվել: «Ի սկզբանե՝ 90-ական թվականներից, այդ հարցն անընդհատ օրակարգում է, և բազմաթիվ մարդիկ կողմ են, որ փոխվի, բազմաթիվ մարդիկ էլ դեմ են: Այդ հարցը լուծված չէ, այս պահին էլ ոչ թե լուծվում է, այլ ընթացքի մեջ է»,- ընդգծեց նա:
Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն երեկվանից բազմաթիվ զանգեր են եղել, կան մարդիկ, ովքեր արդեն պատրաստի բանաստեղծություններ ունեն և ոգևորված մասնակցում են մրցույթին:
Աշխատանքային խմբի անդամներից Կոմիտասի տուն-թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ տեղի է ունեցել այդ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
«Դա ավելի շատ օրհներգի ձևավորման վերաբերյալ խորհրդակցություն էր, որը վերաբերում էր Արամ Խաչատրյանի Խորհրդային Հայաստանի օրհներգի ստեղծագործության համար նոր բանաստեղծություն ընտրելու մրցույթ կազմակերպելուն»,- ասաց Կոստանդյանը:
Կոստանդյանը խուսափեց նշել՝ ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ գործող օրհներգը փոխելուն: «Անկեղծ ասած, այս ամենն իմ մոտեցումը չէ: Ես համարում եմ, որ քաղաքական մոտեցում պիտի լինի այդ հարցը, դա իմ որոշելիքը չէ»,- ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով իր կարծիքը:
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Լեզվի պետական տեսչության նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ է հանդիսանում այդ աշխատանքային խմբի անդամ, սակայն Գյուրջինյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր իմացավ, որ այդ աշխատանքային խմբի անդամ է:
«Նոր իմացա, որ ես էլ եմ այդ աշխատանքային խմբի անդամ: Մի քննարկում եղել է, որին ես չեմ մասնակցել և ավելին չեմ կարող ասել»,- նշեց նա:
Դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել, որ նա էլ է այդ խմբի անդամ, նա նշեց, որ երևի Լեզվի կոմիտեի նախագահն է, դրա համար էլ հայտարարել է: «Մտածել են՝ օգտակար կլինեմ, բայց ես կողմ չեմ օրհներգի փոփոխությանը»,- շեշտեց նա:
Ամալյա Առաքելյան