Եթե վստահ ես քո տղամարդկային գրավչության վրա, ապա շուրջդ «թվերքինգ» անող կանանց կարիք չունես. Օբաման քննադատել է ռեփերներին
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման հիփ-հոփի և ռեփ երաժշտության ներկայացուցիչներին քննադատել է տեսահոլովակներում սեփական տղամարդկությունը, սեքսուալությունն ու գրավչությունն առավել արտահայտիչ դարձնելու նպատակով իրենց «թվերքինգ» (պարային ուղղություն) անող բազմաթիվ կանանցով շրջապատելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ 44-րդ նախագահն այս մասին ասել է Երիտասարդության աջակցության և բռնության կանխարգելման խմբի ստեղծման հնգամյակի միջոցառմանը:
«Եթե ինքնավստահ ես սեփական սեքսուալության հարցում, ապա կարիք չկա, որ ութ կին քո շուրջ «թվերքինգ» անի»,- ասել է Օբաման, ինչին ի պատասխան ներկաները ծիծաղել են:
«Եկե՛ք խոստովանենք, որ հիփ-հոփ և ռեփ երաժշտության մեծ մասը հիմնված է հարստությունն ի ցույց դնելու, դիմացինի նկատմամբ անհարգալից լինելու, նրան վիրավորելու ու անպատիժ մնալու գաղափարների շուրջ: Եվ որքան էլ որ ծիծաղելի է, հենց դա էլ ցույց է տալիս տվյալ մարդու խոցելիությունը»,- հավելել է քաղաքական գործիչը:
Օբամայի կարծիքով՝ եթե մարդ վստահ է իր ֆինանսական կարգավիճակի վրա, ապա նա վզին չի գցի մի քանի կիլոգրամ քաշով շղթա: