Իսպանուհին մահացել է միշլենյան աստղ ունեցող ռեստորանում ընթրելուց հետո
Իսպանուհին, ընթրելով միշլենյան աստղի արժանացած ռեստորանում, թունավորվել է սնկից և մահացել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Վալենսիայի ռեստորաններից մեկում:
Մարիա Խեսուս Ֆերնանդես Կալվոն բրնձով և մորխ տեսակի սնկով ուտեստ է պատվիրել ամուսնու ծննդյան տոնակատարության առթիվ կազմակերպված հավաքույթի ժամանակ: Տուն վերադառնալիս իսպանուհու մոտ սրտխառնոց և լուծ է սկսվել: Հաջորդ առավոտյան Կալվոն մահացել է:
Տարբեր աստիճանի թունավորման նշաններ ի հայտ են եկել հավաքույթի 11 այլ մասնակցի մոտ: Նրանց թվում են հոբելյարը և Կալվոյի 10-ամյա որդին:
Հաճախորդի մահից հետո ռեստորանը փակվել է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Քննությունը մի քանի վարկած ունի կատարվածի առնչությամբ: Դրանցից մեկի համաձայն՝ սունկը չի պատրաստվել հարկ եղածին պես, ինչի պատճառով դրանում թունավոր նյութեր են մնացել: Մեկ այլ վարկածով՝ հյուրերին կեղծ մորխից պատրաստված ուտեստ են մատուցել, որը թունավոր է:
Ռեստորանի շեֆ-խոհարար Բերնդ Քնոլլերը հայտարարել է, որ «խորապես վշտացած է» կատարվածի պատճառով և մտադիր է ժամանակավորապես փակել ռեստորանը, որն առաջին միշլենյան աստղը ստացել է 2009-ին:
Նշվում է, որ վերջին անգամ ռեստորանում ստուգումներ իրականացվել են փետրվարի 11-ին: