Ավտոբուսը բախվել է Պուտինի՝ Բարվիխայում գտնվող նստավայրի անցակետի դարպասին. «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» (լուսանկարներ)
Ռուսաստանում ավտոբուսը մխրճվել է մերձմոսկովյան Բարվիխա էլիտար քոթեջային բնակավայրի անցակետի դարպասների մեջ, որտեղ գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրը:
Նշվում է, որ ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչության շենքը դարպասից 5 րոպե տևողությամբ ճանապարհի վրա է:
Ինչպես նշում է mk.ru-ն, վթարը տեղի է ունեցել փետրվարի 21-ի լուսադեմին՝ Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա:
Ուղևորատար ավտոբուսի ղեկին է եղել ծագումով չեչեն 23-ամյա Իդրիսը: Դեպքի պահին ավտոբուսում մարդ չի եղել:
Երիտասարդն ավելի ուշ ոստիկաններին պատմել է, որ փոխադրամիջոցի արգելակները չեն աշխատել, նա կորցրել է ավտոբուսի կառավարումն ու, որոշելով կանգնեցնել այն, մեքենան ուղղել է դեպի անցակետի դարպասը:
Բախումից հետո ավտոբուսը շրջապատել են անվտանգության ծառայության աշխատակիցները, սակայն Իդրիսի բացատրությունը լսելուց հետո, որևէ պահանջ չեն ներկայացրել:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով նյութական վնաս են կրել և՛ ավտոբուսը, և՛ շինությունը: