«Յուվենտուսն» ամեն ինչ փոխելու հնարավորություն ունի. Ալեգրի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպման (0:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Մենք չէինք էլ կարող ավելի վատ խաղալ, քան խաղացինք երկրորդ կեսում: Հասկանում էինք, որ «Աթլետիկոն» մեզ լավ խաղալու հնարավորություն չի տա, սակայն չկարողացանք հարմարվել մրցակցի խաղաոճին, ինչի համար էլ պատժվեցինք:
Թուրինում մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Մեծագույն հանդիպում է լինելու, բայց ես առաջվա պես վստահ եմ իմ թիմի հնարավորությունների վրա: Երկրորդ խաղակեսն ահավոր էր, մենք անընդհատ սխալվում էինք և մրցակցին թույլ էինք տալիս իր խաղը թելադրել:
Մենք ամեն ինչ փոխելու հնարավորություն ունենք, պետք է չկորցնենք հավատը: Նախորդ մրցաշրջանում «Ռեալից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո չկորցրինք մեր հավատը: Այնպես որ՝ հիմա ևս հնարավորություններ ունենք:
Պետք է արագ մոռանանք այս պարտության մասին և ձգտենք Թուրինում մեր լավագույն խաղը ցուցադրել, քանի որ «Աթլետիկոյի» նման թիմերի դեմ խաղերում յուրաքանչյուր սխալ փոխանցումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ «Յուվենտուս»-«Աթլետիկո» պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 12-ին: