Իռլանդիայում ռեկորդային 200 մլն դոլար շահած վիճակախաղի տոմսի տերերը հայտնվել են
Իռլանդիայում օրերս EuroMillions վիճակախաղով ռեկորդային 200 մլն դոլար շահած տոմսի տերերն ի հայտ են եկել և գնացել իրենց շահումի ետևից, գրում է Daily Mail-ը:
Երջանիկ տոմսը գտնվել է 6 քույրերի մոտ, որոնց անունները հասկանալի պատճառներով չեն հրապարակվում: Նրանք պատմել են, որ վաղուց ի վեր հանգստյան օրերին հավաքվում և վիճակախաղ են խաղում:
Քույրերից մեկը խոստովանել է, որ սկզբում աչքերին չի հավատացել: Նա մի քանի անգամ համացանցով ստուգել է շահած թվերը, ապա զանգել մյուս քույրերին՝ ուրախ լուրը հայտնելու:
«Մեր ընտանիքը շատ ամուր է: Մենք հաճախ ենք միասին ժամանակ անցկացնում: Չենք ցանկանում, որ այս փողերը փոխեն մեզ»,- ասել են հաղթողները:
Ի դեպ, խանութը, որտեղից գնվել է շահող տոմսը, նույնպես գումարից մաս կստանա՝ մոտ 28.000 դոլար:
Հիշեցնենք, որ այս նոր շահումը գերազանցել է 2005թ.-ի հուլիսին Դոլորես ՄքՆամարայի շահած 129 մլն դոլարը:
Պարբերականը նշում է, որ կղզու համար տարին հաջող է սկսվել. հունվարին Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայում բնակվող զույգը 143 մլն դոլար էր շահել: