Պատանեկան բարդույթներ, ազդեցիկ երևալու ցանկություն. ինչու էր Լագերֆելդը մշտապես մատները կտրած ձեռնոց կրում
Հեղինակավոր Chanel նորաձևության տան հանգուցյալ կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդն ուներ յուրահատուկ ոճ, ինչի շնորհիվ մշտապես տարբերվում էր մյուսներից: Մշտապես հավաքած ճերմակ վարսեր, սև ակնոց, բարձր օձիքով սպիտակ վերնաշապիկ, սև կոստյում, նեղ տաբատ և, իհարկե, մատները կտրած կաշվե ձեռնոց:
Ինչպես նշում է The National-ը, կենդանության օրոք Լագերֆելդը մի քանի անգամ բացատրել է մշտապես ձեռնոց կրելու սովորությունը:
«Ձեռնոցը վիզուալ երկարացնում է ձեռքը, իսկ դուք գիտեք, որ Ֆրանսիայում երկար ձեռք ունենալը համարվում է անձի ազդեցիկության նշան»,-հարցազրույցներից մեկում ասել էր կուտյուրեն:
Միևնույն ժամանակ նա խոստովանել էր, որ դեռևս վաղ տարիքից չի հավանել իր ձեռքերը: Ի դեպ, հենց դիզայների սիրելի մայրը՝ Էլիզաբեթն է նրան այդ մտքին հանգեցրել:
«Երբ 14 տարեկան էի, մեծ երևալու համար ցանկանում էի ծխել, բայց մայրս ասաց. «Դու չպետք է ծխես: Քո ձեռքերն այդչափ գեղեցիկ չեն, որ ծխելու ընթացքում դրանք ի ցույց դնես»»,-մոր խոսքերը վերհիշել էր Լագերֆելդը:
Հիշեցնենք, որ տաղանդավոր դիզայները մահացել է փետրվարի 19-ին: Նա 85 տարեկան էր: