Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ. Արթուր Վանեցյան
Ես արդեն պարզաբանում տվել եմ, որ այդքան էլ ճիշտ չեմ ձևակերպել խոսքս: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցին:
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արթուր Վանեցյանի, ով սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել էր հետևյալը. «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով կխոսենք և կհրապարակեմ՝ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ ունեցվածքները»։
«Այսինքն՝ ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ: Բայց հիմա դատական գործը գնում է, իրավաբաններն աշխատում են, թող աշխատեն, որոշում կայացնեն»,- ասաց Վանեցյանը:
Հարցին էլ` Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը չի՞ խախտվել, նա նշեց, որ անմեղության կանխավարկած խախտելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ իրենց տարածած հաղորդագրության վերջում միշտ նշվում է անմեղության կանխավարկածի մասին:
Վանեցյանը նշեց, որ այդ գործը շատ ծավալուն է, այլ մարդիկ էլ կան ներգրավված, բայց չի կարող մանրամասներ ներկայացնել:
«Ես խնդրում եմ՝ մի՛ սևեռվեք այդ հարցի վրա: Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ: Այդ ընտանիքը որևէ բան անձամբ ինձ չի արել: Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է եղել, իր գործունեության ընթացքում շատ դրական գործեր, ներդրում է ունեցել, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, և ես՝ որպես Ազգային անվտանգությունում ծառայող սպա, որն աշխատել է նաև այդ տարիներին, չեմ կարող որևէ անձնական հարցով խնդիրներ ունենալ այդ ընտանիքի հետ»,- նշեց նա:
Վանեցյանը հավելեց, որ այս ամենն օպերատիվ և քննչական աշխատանքի արդյունք է, որ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց ամփոփումը բերել է նրան, որ կա հանցակազմ, և հարուցվել է քրեական գործ:
Դիտարկմանը՝ Քոչարյանների ընտանիքի հետ կապված շատ գործեր սկսեցին հաջորդել մեկը մյուսին, դրա համար է տպավորությունն այդպիսին, որ անձնական խնդիր կա, նա արձագանքեց. «ՀՀ ԱԱԾ-ում քննվում է ընդամենը մեկ գործ»:
Հարցին՝ Ալեքսան Որսկանյանը Սեդրակ Քոչարյանի գործով ցուցմունք տվե՞լ է արդյոք, նա ասաց, որ մանրուքներ չի կարող հայտնել: «Մեղադրանքի հիմքում դրված են և՛ անձանց ցուցմունքներ, և՛ փաստեր»,- հայտարարեց նա:
Ամալյա Առաքելյան