Էկվադորում անհայտ անձինք թալանել են Վենեսուելայի հյուպատոսարանը
Փետրվարի 20-ին 7 մարդ ներխուժել է Էկվադորում Վենեսուելայի՝ Գուայակիլ քաղաքում գտնվող հյուպատոսարան և թալանել այն, հաղորդում է RCN ռադիոկայանը:
Անհայտ անձինք հրազենով սպառնացել են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և այնտեղ գտնվող այլ անձանց: Ինչպես հայտնել է Վենեսուելայի գլխավոր հյուպատոս Ֆերնանդո Բելյոն, հարձակում կատարած անձանցից 4-ը տղամարդ են եղել, 3-ը՝ կին:
Անհայտ անձինք իրենց հետ տարել են հյուպատոսարանի ծառայությունների դիմաց վճարված գումարները: Հյուպատոսը կորուստը «զգալի» է գնահատել:
Դեպքի առթիվ ոստիկանությունն արդեն հարցաքննել է տուժածներին և ականատեսներին, տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Էկվադորը Վենեսուելայում իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյի իշխանությունը ճանաչած երկրներից է: Ավելի վաղ Էկվադորի իշխանություններն ընդունել էին Գուաիդոյի կողմից նշանակված դիվանագիտական ներկայացուցչին՝ Ռենե դե Սոլային, մինչդեռ մայրաքաղաք Կիտոյում շարունակում է աշխատել Վենեսուելայի փաստացի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից նշանակված պաշտոնյան: