ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդն անցել է Խուան Գուաիդոյի կողմը
Վենեսուելայի բարձրաստիճան զինվորականներից ևս մեկն անցել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի կողմը: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հաղորդում է РИА Новости-ն:
«ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդ, գնդապետ Պեդրո Չիրինոսը հայտարարել է, որ ճանաչում է Խուան Գուաիդոյին որպես երկրի ժամանակավոր նախագահ: Նա վենեսուելացիների համար ընտրեց ժողովրդավարությունը»,- գրել է Բոլթոնը:
Ավելի վաղ, ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատան ռազմական կցորդ Խոսե Լուիս Սիլվան հայտարարել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ «հարաբերությունները խզելու» մասին և կոչ էր արել երկրի զինված ուժերի իր մյուս գործընկերներին ճանաչել Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահ: