Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման կդրվի համացանցում ատելության քարոզի դեմ օրինագիծ
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ գարնանը խորհրդարանը կքննարկի օրինագիծ` ուղղված համացանցում ատելության քարոզի դեմ: Այդ մասին հաղորդում է RT-ն:
«Մայիսին պատգամավոր Լետիսյա Ավիան խորհրդարանում շրջանառության մեջ կդնի համացանցում ատելության դեմ պայքարելու վերաբերյալ օրինագիծ»,- ասել է Մակրոնը` Հրեական կազմակերպությունների խորհրդի (Crif) տարեկան ժողովում:
Նա կոչ է արել օրինագիծը մշակելիս հաշվի առնել Գերմանիայի փորձը, որն, ըստ նրա, շատ արդյունավետ է:
«Մեր գերմանացի հարևանները կարողանում են արդյունավետ պայքարել ատելության դեմ` կիրառելով վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ` ինչպես մարդկանց նկատմամբ, այնպես էլ համացանցային հարթակի»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Նշենք, որ 2017 թ. հունիսին Գերմանիայի Բունդեսթագը օրինագիծ է ընդունել, որը սոցիալական ցանցերի համար մինչև 50 մլն եվրո տուգանք է նախատեսում, եթե այնտեղից անհապաղ չհեռացվեն անընդունելի բովանդակությամբ հաղորդագրությունները: