«Կրոնական հարցերն ինձ չեն հետաքրքրում». թուրք պաշտոնյան խոստանում է միջազգային մակարդակի բրենդի վերածել Իզմիրի գինին
Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որպես Իզմիրի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ պատրաստվում է միջազգային ճանաչման բրենդի վերածել տեղական գինին, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Զեյբեկչիի հայտարարությունը լայն քննարկումների է արժանացել թուրքական լրատվամիջոցներում՝ հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքական գործիչը ներկայացնում է իշխող կուսակցությունը, որը հայտնի է իր պահպանողական ու կրոնապաշտ գաղափարախոսությամբ (ալկոհոլի օգտագործումը դատապարտելի է մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի կողմից – tert.am):
Ի պատասխան դրա նախկին նախարարը խոստովանել է, որ կրոնական հարցերն իրեն բնավ չեն հետաքրքրում:
«Իզմիրում խաղողագործության զարգացմանն աջակցելը տնտեսական ծրագիր է, սա առևտուր է, տնտեսության մի մասը: Ես Կրոնական հարցերով վարչության նախագահ չեմ, դա ինձ բնավ չի հետաքրքրում: Ես կրոնական քարոզ չեմ անելու: Սա գյուղատնտեսական արտադրանք է, ինչպես որ թուզը, ձիթապտուղը, բամբակը, խաղողը մեր բանվորի քրտինքն են, աշխատանքը, մեր այգեգործի վաստակը», - ասել է Զեյբեկչին:
Նա նաև վստահեցրել է, որ եթե դառնա Իզմիրի ղեկավար, եվրոպամետ ու աշխարհիկ հայացքներով հայտնի այդ քաղաքում ալկոհոլ վաճառող ռեստորանների վրա ճնշում չի գործադրի:
«Ես անցյալում էլ երբևէ նման բան չեմ արել: Այստեղ ալկոհոլ վաճառող բազմաթիվ ռեստորաններ են գործում և դրանցից շատերի արտոնագրերի վրա հենց մեր ստորագրությունն է», - նշել է իշխող կուսակցության թեկնածուն: