Կենդանասերները պահանջում են սառեցնել կամ վերացնել տնային կենդանիների համար 5000 դրամ տուրք պահանջող օրենքը
Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ կենդանասերների բողոքի ակցիան, որոնք դժգոհում էին կենդանիներ պահելու համար տուրք վճարելու օրենքից:
Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիներ վերջին օրերի ընթացքում ծանուցումներ են ստանում կենդանիներ պահելու համար տուրքեր վճարելու օրենքի մասին, որտեղ պարտադրվում է յուրաքանչյուր տնային կենդանու համար տարեկան վճարել 5000 դրամ:
«Եթե պայմաններ չկան, ի՞նչ 5000 դրամ տուրքի մասին է խոսքը: Կենդանասերները պետք է տեսնեն՝ ինչի համար են վճարում, ինչի համար է օրենքը կիրառվում: Բոլորի պահանջն է, որ լինի օրենք, ոչ ոք չի ասում՝ մենք չենք ուզում վճարել, այդ 5000 դրամը լուրջ գումար չէ, հարցը դա չէ: Հարցն այն է, որ չկա կենդանիների վերաբերյալ օրենք: Մենք պահանջում ենք, որ լինի հստակ օրենք, և այդ օրենքի մշակմանը մասնակցեն մասնագետները, որոնք լուրջ խորհրդատվություն կտան»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Ստեփան Զաքարյանը:
Կենդանասերները պահանջում են օրենքը սառեցնել կամ ընդհանրապես հանել, մինչև կլինեն հստակ օրենքներ կենդանիների վերաբերյալ:
«Շատ հաճախ օրինակ են բերում, որ տեսեք, այս երկրում վճարում են: Բայց այդ մարդիկ, որ վճարում են, ունեն հատուկ պայմաններ: Օրինակ՝ ունեն այգիներ, զբոսանքի տեղեր հատուկ կենդանիների համար»,- նշեց Ստեփան Զաքարյանը:
Երևան համայնքում տնային կենդանիներ պահելու տուրքը սահմանվում է՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի: Դրա համապատասխան դրույթը ուժի մեջ է մտել 2016-ի դեկտեմբերին: Յուրաքանչյուր տարվա վերջում ավագանին սահմանում է տեղական տուրքերի դրույքաչափերը: Այս տուրքը վերջին երեք տարում չի փոփոխվել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ հայտարարեց, որ քաղաքապետարանը դեռ անցյալ տարվա վերջից քննարկումներ է նախաձեռնել կենդանիներին վերաբերող խնդիրներին համապարփակ լուծում տալու համար:
«Քննարկվում է այնպիսի մոդել, որտեղ իրենց հարմարավետ ու անվտանգ կզգան և´ մարդիկ, և´ կենդանիները: Հիմա արդեն գործնական քննարկումների փուլում ենք գտնվում: Խոսքը վերաբերում է ինչպես տնային, այնպես էլ անտուն կենդանիներին: Քննարկվում է կենդանիների ստերջացման, չիպավորման միջոցով հաշվառման, անտուն կենդանիների համար կացարանների հարցերը: Լուծումները կառաջարկվեն քննարկումների արդյունքում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տնային կենդանիների համար պահանջվող 5000 դրամ տուրքին, Հակոբ Կարապետյանը նշեց, որ Երևանի ավագանին ուղղակի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջն է կատարել՝ սահմանելով 5000 դրամ տուրքը:
«Այս տուրքն արդյունավետ չի գործել ընդունման օրից ի վեր և այս պահին ևս արդյունավետ չի կարող լինել, որովհետև քննարկվում են արմատապես նոր մոտեցումներ: Հաշվի առնելով անարդյունավետության ընկալումը՝ տուրքը փաստացի այս պահին չի գործում և այդ տուրքն այս պահին չի գանձվելու»,- հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ տուրքը ավագանու կողմից չէր կարող վերացվել, քանի որ տուրքի պահանջը բխում է օրենքից: Տուրքը վերացնելը կամ վերանայելը հնարավոր կլինի ԱԺ-ում օրենքի փոփոխության դեպքում: