«Դուք առանձնահատուկ հարգանքի եք արժանի». Մեդվեդևը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Նահապետովին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 75-ամյակը, հայտնում է rusarminfo.ru-ն:
«Ձեր կերտած հերոսները կամային են ու քաջ, խոր ու ռոմանտիկ, ընդունակ մաքուր զգացմունքների ու կենդանի հույզերի արտահայտման: Նրանք սիրահարվում են, երազում, մտորում ու փորձում իրենք իրենց գտնել այս աշխարհում: Նրանք իրական մարդիկ են՝ բարդ ճակատագրերով ու երբեմն լուսավոր և ուրախ, իսկ երբեմն էլ՝ ողբերգական կյանքի պատմություններով: Հենց այդ պատճառով դրանք այդքան մոտ են հանդիսատեսի բազմաթիվ սերունդներին»,-ասվում է Մեդվեդևի հեռագրում:
ՌԴ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կինոգործչի բարեգործական գործունեությանը՝ ընդգծելով, որ «դա արժանի է առանձնահատուկ հարգանքի ու երախտագիտության»:
Ռոդիոն Նահապետովը ծնվել է 1944 թ. Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պյատիխատկի քաղաքում՝ հայազգի Ռաֆայել Նահապետովի և ուկրաինուհի Գալինա Պրոկոպենկոյի ընտանիքում:
Նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական համալսարանի դերասանական ու ռեժիսորական ֆակուլտետները:
Նահապետովի համար դեբյուտային է եղել ինժեներ Գենայի դերը ռեժիսոր Վասիլի Շուկշինի «Այսպիսի տղա է ապրում» (1964թ.) ֆիլմում: Որպես ռեժիսոր նա նկարահանել է տասից ավելի ֆիլմ ու սերիալ, այդ թվում՝«Քեզ հետ և առանց քեզ», «Աշխարհի ծայրին», «Մի՛ կրակեք ճերմակ կարապներին», «Իմ մեծ հայկական հարսանիքը»: