Իրանական Mahan Air ավիաընկերությանն արգելել են չվերթներ իրականացնել դեպի Գերմանիա
Իրանական Mahan Air ավիաընկերությանն արգելել են չվերթներ իրականացնել դեպի Գերմանիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Քաղաքացիական ավիացիայի դաշնային գերատեսչությունը (Luftfahrtbundesamt) հունվարի 21-ից տեղեկացրել է Mahan Air-ին Իրանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ թռիչքների թույլտվության անհապաղ կասեցման մասին: Կասեցումն ուժի մեջ է մտնում նույն օրը, այսինքն՝ այսօրվանից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ճեպազրույցին ներկա ԳԴՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերի խոսքով՝ Բեռլինը շարունակում է աջակցել իրանական միջուկային համաձայնագրին, սակայն «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեությունը, ինչպես նաև բալիստիկ ծրագիրը», անթույլատրելի են:
«Սիրիայում հակամարտությանն աջակցող և կոնֆլիկտի տարածաշրջանում մարդկանց վիճակի վատթարացմանը մասնակցություն ունեցող ընկերությունների թռիչքներն արգելելն արտաքին քաղաքականության առումով Գերմանիայի շահերից է բխում», - ասել է Բուրգերը:
Ավելի վաղ BILD պարբերականը հայտնել էր, որ գերմանական կառավարությունը մտադիր է 2019թ.-ից արգելել իրանական Mahan Air ավիաընկերության օդանավերին օգտագործել գերմանական օդանավակայանները:
Mahan Air-ը շաբաթական 6 անգամ թռիչք էր իրականացնում Գերմանիայի և Թեհրանի միջև`4 անգամ Դյուսելդորֆից և 2 անգամ Մյունխենից: