Էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման և հեղինակազրկման գնով անթույլատրելի է. Արթուր Ղազինյանը՝ մարզպետներին քննադատողներին
Մարզպետների կողմից մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման փաստը քննադատելիս պետք է հաշվի առնել, որ 13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է և նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
«Մարզպետն ինքը հանդիսանում է մարզպետարանի աշխատող, որը կազմակերպում, ղեկավարում և համակարգում է մարզպետարանի աշխատանքները և ունի իրավունք օգտվելու պարգևավճարից, որը նախատեսված է հատկացված բյուջեով և չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:
Իսկ համացանցում բարձրացված աղմուկը ես դիտարկում եմ որպես պարզունակ մանիպուլյացիա, որը նպատակ է հետապնդում վարկաբեկել ու հեղինակազրկել պետական հաստատություններն ու պաշտոնատար անձանց և առավել չքավոր բնակչության շրջանում նրանց նկատմամբ առաջացնել հակակրանք ու անվստահություն:
Իշխանությունն անփորձ է, չի պատկերացնում պետական կառավարման ամբողջ համակարգը և չունի համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հետևաբար թույլ է տալիս մեծ թվով շատ ավելի լուրջ սխալներ` ինչպես գիտակցաբար, այնպես էլ անգիտակցաբար, որոնք պետք է բարձրաձայնել, քննադատել:
Բայց էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման և հեղինակազրկման գնով ուղղակի անթույլատրելի է:
Մի արեք, պարզապես մի արեք: Դուք կհեղինակազրկեք ու կվարկաբեկեք, իսկ հետո մենք տարիներով չենք կարողանա բարձրացնել պետության և պետական ինստիտուտների հեղինակությունն ու վարկանիշը` առանց որի մենք չենք ունենա ուժեղ պետություն և ամուր պետականություն»,-գրել է Արթուր Ղազինյանը: