ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմի» ֆոնին Չինաստանն արձանագրել է վերջին 30 տարում տնտեսական զարգացման ցածրագույն ցուցանիշը
2018թ. Չինաստանի տնտեսական աճը եղել է 6,6%, ինչը վերջին գրեթե 30 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս միտումը կարող է բացասաբար ազդել նաև համաշխարհային տնտեսական աճի վրա:
Պարբերականը նկատում է, որ տարիներ շարունակ տևած արագընթաց զարգացումից հետո ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմ» է սկսվել, որն էլ հանգեցնում է չինական տնտեսության աճի դանդաղեցմանը:
Նշվում է, որ այս փաստը հավելյալ ճնշում կգործադրի Պեկինի վրա, որպեսզի Չինաստանի իշխանություններն ամերիկյան կողմի հետ առևտրային բանակցություններում ջանք չխնայեն «պատերազմին» վերջ տալու ու համաձայնության գալու համար:
Հայտնի է, որ վերջին մի քանի ամսում սպառողական ծախսերը, արտադրական ծավալներն ու ներդրումները ռեկորդային ցածր ցուցանիշների են հասել Չինաստանում: Ոլորտի փորձագետների կանխատեսմամբ՝ տնտեսական անկումը կշարունակվի նաև 2019 և 2020 թվականներին:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թեև չի պատրաստվում չեղարկել չինական ապրանքների ներկրման համար սահմանված բարձր մաքսատուրքերը, սակայն Պեկինի հետ բանակցություններում առաջընթաց կա: