Քանի դեռ իրենց աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է մարզպետների պարգևատրման հիմքը. Գևորգ Պետրոսյան
ԱԺ-ն առաջին իսկ շփման առումով չունի այնպիսի իրավազորություն` քննարկել կոնկրետ մարզպետի պարգևատրման հարցը, գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք որպես խախտում կարձանագրեն, ԲՀԿ-ն երբեք չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալուց:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, ինչպես է վերաբերում նրան, որ 6-7 ամիս աշխատած մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են:
Պետրոսյանը շեշտեց, որ, իհարկե, իրենք շահագրգռված են, որ ոչ մի լումա չծախսվի ոչ նպատակային: «Բայց գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը պետք է հաշվի առնել նաև այդ հարցում»,-ասաց նա և հավելեց, որ պետք է խախտում գրանցվի, որ կարող էր իրեն պարգևատրել, թե ոչ:
«Ինչքան էլ հասարակության զայրույթը հարուցեն, քանի դեռ իրավական մարմինների կողմից չի գրանցվել խախտում, պետք չի ավելորդ շտապողականություն դրսևորել և գնահատել յուրացում վատնում»,-ասաց նա: Գևորգ Պետրոսյանն իր անձնական կարծիքը հայտնեց, որ պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության արդյունքում կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: «Բայց քանի դեռ նրանք տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մի քանի մարզպետներ իրենց և մարզպետարանի աշխատակիցների պարգևատրել են Ամանորի նախաշեմին: