Դամասկոսի երկնքում հզոր պայթյուններ են որոտացել
Դամասկոսում հզոր պայթյուններ են որոտացել, երկնքում առնվազն երեք հրթիռ է նկատվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, սիրիական մայրաքաղաքի երկնքում պայթյունները սկսել են որոտալ տեղական ժամանակով ժամը 1:15-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ ժամը 3:15-ի սահմաններում):
Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հարվածները հասցվում են Լիբանանի օդային տարածքից: Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղում օդային հարձակումը՝ խոցելով հակառակորդի հրթիռները:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ լույս երկուշաբթի հարվածներ է հասցնում Սիրիայում գտնվող իրանական ուժերի ուղղությամբ: «Իսրայելի պաշտպանության բանակը ներկա պահին Սիրիայի տարածքում հարվածներ է հասցնում իրանական «Ալ Քուդս» ուժերի ուղղությամբ: Իսրայելի բանակը նախազգուշացնում է Սիրիայի զինված ուժերին զերծ մնալ իսրայելական տարածներին կամ ուժերին վնաս հասցնելու փորձերից», - ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ: