«Սանիթեք» ընկերությունը ձնամաքրման աշխատանքների համար չունի բավարար տեխնիկա. ճանշինների տեխնիկան վարձակալությամբ կտրամադրվի «Սանիթեքին». Հ. Մարության
Տեխնիկայի այն քանակը, որը պետք է ձյուն գալու դեպքում Երևան քաղաքը լիարժեք կերպով սպասարկելու համար, «Սանիթեք» ընկերությունը չունի: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ինչպես աղբահանությունը, ձմեռը ձնմաքրման աշխատանքները, ըստ պայմանագրի, նույնպես կատարում է «Սանիթեք» ընկերությունը: Մենք արդեն այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, աղի քանակ և աշխատուժը՝ պարզելու համար ընկերությունը ի զորո՞ւ է կատարել այս աշխատանքները, թե ոչ: Կարող եմ վստահ ասել, որ տեխնիական պակաս է այս պահին և այս ամենն ուղղակի ստացել ենք որպես ժառանգություն նախորդ իշխանություններից»,- նշեց քաղաքապետը:
Հայկ Մարությանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում «Սանիթեք» ընկերության հետ, ինչը հնարավորություն կտա այս պահին որոշ չափով շտկել իրավիճակը:
«Մենք բանակցել ենք նաև տարբեր ճանշինների հետ, որպեսզի իրենք իրենց տեխնիկան նույնպես տրամադրեն «Սանիթեք» ընկերությանը վարձակալությամբ: Եվ «Սանիթեքին» հորդորել ենք, որպեսզի իրենք վարձակալությամբ այս ամբողջ տեխնիկան վերցնեն: Ունենալով արդեն տեխնիկայի այս ամբողջ քանակը, ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,- նշեց նա:
Քաղաքապետը նաև նշեց, որ տնտեսվարողներին տեղեկացվել է իրենց դիմացի մայթեզրերն ինքնուրույն սպասարկելու մասին:
«Մենք դրել ենք կարգ ու կանոն ձնմաքրման աշխատանքների մեջ, այսինքն՝ չեն լինելու ընտրողվի ձնմաքրման աշխատանքներ: Նախկինի պես եթե մի պաշտոնյա պետք է տանից դուրս գա, մաքրվում էր նրանց տան դիմացը կամ տվյալ պաշտոնյայի երեխաների դպրոցը: Մենք այսպիսի բաները բացառվում են: Կա ստույգ հերթականություն, որը մենք պահելու ենք. առաջին հերթին գլխավոր փողոցներն են մաքրվելու, այնուհետև այն փողոցները, որոնք տանում են դեպի հիվանդանոցներ, դպրոցներ և այլն»,- ասաց Հայկ Մարությանը: