Փոփոխությունները կարևոր էին. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարը` տարվա լավագույն մարզիկների քվեարկության նոր ձևաչափի մասին
Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի է ունենում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը:
Այս տարի, հիշեցնենք, բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվելու նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Լոռեցյանն ArmSport-ի հետ զրույցում խոսել է նոր ձևաչափի և այլնի մասին.
«Վերջին տարիներին խոսակցություններ էին գնում, որ տարվա լավագույն մարզիկների ընտրության կարգն այդքան էլ արդարացի չէ:
Այս տարի որոշվեց մեծ փոփոխություններ կատարել և հիմա տարվա լավագույն մարզիկ հասկացողություն չկա: Հիմա ընտրում ենք 10 լավագույններին: Մարզիչներին ներգրավելն այնքանով է լավ, որ նրանք ավելի ծանոթ են և օբյեկտիվ են գնահատում իրավիճակը: Փոփոխությունները շատ կարևոր էին:
- Արդյո՞ք սուբյեկտիվ չի լինի այն փաստը, որ ֆեդերացիաների մարզիկները կարող են քվեարկել իրենց ֆեդերացիաների մյուս մարզիկներին:
- Իրականում դրանից խուսափելն անհնարին էր: Ամբողջ աշխարհում էլ դա ընդունված կարգ է: Դրա մեջ ես խնդիր չեմ տեսնում:
- Sms քվեարկության հետ կապված կային քննարկումներ: Կային մարզիչներ, որոնք դժգոհ են մնացել քվեարկման այդ համակարգից, քանի որ կարծում են՝ մարզիկներից որոշները չեն կարող ստանալ բավարար հաղորդագրություններ:
- Դժգոհություններ, իհարկե, կլինեն: Խնդիրներ չեմ տեսնում sms քվեարկության մեջ: Իհարկե, նորմալ է, երբ այն մարզիկն, ով մեծ հաջողության է հասել, նրան հասնեն բավականաչափ հաղորդագրություններ: Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանը, ում շատ են քվեարկել, քանի որ նրա շրջապատը մեծ է: Այստեղ խնդիր չկա: