«Իրանը պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ամբողջովին բավարարել Թուրքիայի էներգառեսուրսների պահանջը». Ռոհանի
Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունն ու պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ամբողջովին բավարարել հարևան Թուրքիայի էներգառեսուրսների պահանջը: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Անկարա կատարած այցի ընթացքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո Ռոհանին նշել է նաև, որ Իրանը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել երկրում թուրք ներդրողների համար, հատկապես՝ նավթաքիմիական ոլորտում:
Ռոհանին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին՝ ամերիկյան պատժամիջոցները մերժելու և այդ հարցում Իրանին աջակցելու համար, և անվանել է Թուրքիան «եղբայրական ու բարեկամական» երկիր, իսկ Էրդողանին՝ «թանկագին եղբայր»:
Երկու երկրների նախագահները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև հայտնել են, որ պայմանավորվել են ինտենսիվ աշխատանքներ տանել թուրք-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա խոչընդոտների վերացման հարցում: