Մեկ տարվա ընթացքում տրանսպորտային ցանցի ամբողջական վերափոխումը գնահատում եմ ֆանտաստիկա. փոխքաղաքապետ
Մեկ տարվա ընթացքում տրանսպորտային ցանցի ամբողջական վերափոխումը գնահատում եմ ֆանտաստիկա: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում քաղաքի բյուջեին ու ֆինանսական այլ հարցերին վերաբերող ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Տրանսպորտի վիճակի վերաբերյալ մենք այսօր աշխատում ենք շատ մեծ խմբով տրանսպորտի ցանցի բարելավման ծրագրի վրա: Ծրագիրն ավարտական փուլում է, սակայն մենք չենք հասնում այդ ավարտին, որովհետև որոշ դրույթներ մեզ համար ուղղակի ընդունելի չեն, և մենք բանակցում ենք բրիտանական ընկերության հետ: Ծրագրում կան վերանայումների անհրաժեշտություն՝ կապված ուղևորահոսքի գնահատված ծավալի հետ, ուղևորատոմսի սակագնի հաշվարկի հետ և այլն: Այս փուլում ծրագրի մշակման աշխատանքը դեռևս ավարտված չէ, և մենք չենք ստորագրում ծրագրի ընդունումը, քանի դեռ մեր նախանշած պայմանները մեզ չեն հրամցվել պարզ և մատչելի»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը:
Նախորդ իշխանությունների ժամանակ տրանսպորտային նոր ցանցը նախագծած բրիտանական ընկերությունը խոստացել է մինչև 2019 թ. հունվարի վերջ ուղարկել նոր իշխանությունների կողմից ակնկալվող ամբողջ տեղեկատվական և բացատրական բազան, որի հիման վրա հնարավոր կլինի գնահատել այն բավարար կատարված:
«Եթե բավարարվեն պահանջները, նոր դրանից հետո կհայտարարվի օպերատորների միջազգային մրցույթ, որն էլ կարող է տևել 6 ամիս և ավելի: Միանշանակ հավաստիացնում եմ, որ եթե մենք նույնիսկ ունենայինք այս պահին պատրաստի և տրանսպորտային նոր ցանցի վերջնական ծրագիր, մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքի տրանսպորտային ցանցի ամբողջական վերափոխումը կգնահատեմ ֆանտաստիկ»,- ասաց նա:
2019 թ. բյուջեով տրանսպորտի ոլորտին հատկացվող բյուջեն նվազել է: Հայկ Սարգսյանի խոսքով՝ պատճառը մետրոպոլիտենում «Ասիական զարգացման» և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի ավարտն է:
«900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն, որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը: Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է»,- ասաց նա:
2019 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է նաև վերելակների ֆոնդը կրճատել: Փոխքաղաքապետը նշում է, որ նվազեցվել է վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը, որը, ըստ նրա՝ ուռճացված էր առնվազն 3 անգամ:
«Կրճատումը ոչ թե վերելակների պահպանման և շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և նյութերի հաշվին է, այլ կրճատվել են, որովհետև մենք կարծում ենք, որ նույն աշխատանքի ծավալը և նյութերը կարելի է ապահովել ավելի քիչ միջոցներով: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու»,- ասաց նա:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքապետարանի 2019 թ. բյուջեն ընդդիմադիրների կողմից ներկայացվում է կցկտուր և ոչ ճիշտ:
«Երբ մենք պլանավորում ենք 159 մլն վերապատրաստման ֆոնդ, և դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ: Այդ միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը, դրա մեջ մտնում են առնվազն 22 ոլորտի նեղ մասնագիտական կարողություններ: Այս բոլոր ոլորտներում մենք ուզում ենք ունենալ առաջընթաց: Մենք չենք կարող քաղաքը թողնել այսպես՝ վատ վիճակում: Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Մենք կարող ենք մեր դրած բարձր նշաձողին հասնել միայն բարձրակարգ որակավորում ունեցող անձնակազմով»,- հայտնեց Հայկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է պարգևավճարների գրեթե կրկնակի ավելացմանը, փոխքաղաքապետը նշեց, որ դրա նպատակն աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելն է. «Պարգևավճարների նպատակը մեր այսօրվա քիչ աշխատավարձերը որոշ չափով բարձրացնելն է: Ինչու չենք անում աշխատավարձի ձևով, որովհետև դա օրենսդրական նորմատիվային գործընթաց է: Բացի այդ, պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է»: