ԱՄՆ կոնգրեսը որոշել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար մոտ 5,7 մլրդ դոլար հատկացնել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար 5,7 մլրդ դոլար հատկացնելու նախագծին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բանաձևին կողմ են քվեարկել 217, դեմ՝ 185 կոնգրեսականներ: Այժմ ԱՄՆ Սենատը պետք է քննարկի օրենքի նախագիծը, որից հետո այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու:
Դեմոկրատական կուսակցության անդամները դեմ են արտահայտվել պատի կառուցմանը և կարծում են, որ օրենքի նախագծի վրա վետո դնելու համար Սենատում բավարար ձայներ ունեն: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ չի ստորագրի փաստաթուղթը, եթե դրանում տրված չլինի պատի կառուցման համար նախատեսված ծախսի չափը:
Հուլիսին Թրամփը սպառնացել էր դադարեցնել ԱՄՆ կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չաջակցեն սահմանների պաշտպանության մասին օրենքը, որն ընդգրկում է Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը:
Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նա երկու հրաման էր ստորագրել՝ պետական սահմանի պաշտպանության և ներգաղթի վերաբերյալ: Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ նախագահը պատի խոշոր հատվածների կառուցման հրաման է տվել:
Բացի այդ՝ Թրամփը հայտարարել էր, որ մեքսիկական կողմը իր վրա կվերցնի կառուցման ծախսեր, ինչին ի պատասխան Մեքսիկայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նման բան տեղի չի ունենա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է մինչև 2019թ.-ի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ խուսափելու համար Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հետ կապված վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարեցումից:
Հիշեցնենք, որ նախագահը պատի կառուցման համար 5 մլրդ դոլար է նախատեսում, մինչդեռ դեմոկրատները համաձայն են միայն 1,3 միլիարդին: