«Մենք հուսով ենք, որ Թուրքիան և Իսրայելը կճանաչեն Ղրիմի միացումը ՌԴ-ին». Պեսկով
Ռուսաստանը հուսով է, որ Թուրքիան և Իսրայելը կճանաչեն Ղրիմի միացումը ՌԴ-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է gazeta.ru-ն:
«Մենք հուսով ենք, որ ժամանակի հետ մեզ կհաջողվի համոզել Թուրքիայից և Իսրայելից մեր գործընկերներին մի քանի տարի առաջ Ղրիմի բնակիչների կատարած ընտրության իրավացիության հարցում», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին:
«Թուրքիան միշտ եղել է Ղրիմի թաթար մեր ազգակիցների կողքին, այսուհետ էլ միշտ շարունակելու ենք նրանց կողքին մնալ։ Մենք երբեք չենք մոռացել Ղրիմի հարցը, չենք մոռանալու։ Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը»,- ասել էր Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում է ներառվել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեից հետո։