Մի խայտառակեք Ձեզ և երկիրը. Տիմոշենկոն մեղադրել է Պորոշենկոյին քաղաքական ճնշումներ գործադրելու մեջ
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն մեղադրել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին քաղաքական ճնշումներ իրականացնելու մեջ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
Տիմոշենկոյի խոսքով՝ Չերկասի շրջանում իր խմբակցության ներկայացուցիչներն իրավապահ մարմինների կողմից հալածանքների են ենթարկվում, ինչը տեղի է ունենում իշխանության ուղղորդմամբ:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ Ուկրաինայում քաղաքական բռնությունները վերացել են, ցավոք, խորապես սխալվում է: Տեղական մարմինների ընտրություններից երեք օր առաջ մտահոգիչ ահազանգեր եմ ստանում Չերկասի շրջանից», - նշել է Տիմոշենկոն:
Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին իրավապահները պատրաստվում են անհիմն մեղադրանքներ ներկայացնել «Բատկիվշչինա»-ի անդամների նկատմամբ:
«Չերկասի շրջանում չկա այլևս մի կուսակցական, որը դուրս է մնացել դատախազության տեսադաշտից: Տարօրինակ զուգադիպությամբ այդ ակտիվությունը տեղի է ունենում տեղական մարմինների ընտրությունների նախաշեմին», - ընդգծել է քաղաքական գործիչը՝ իշխանությունների գործելաոճը որակելով սադրանք իր և իր կուսակիցների նկատմամբ:
«Ես անձամբ դիմում եմ Պյոտր Պորոշենկոյին. դադարեցրեք...: Մի խայտառակեք Ձեզ և երկիրը: Ձեզ մնացել է 4 ամիս»,- եզրափակել է Յուլիա Տիմոշենկոն: