«Charlie Hebdo» շաբաթերթի խմբագրության վրա զինված հարձակման ենթադրյալ պատվիրատուն ձերբակալվել է և կարտահանձնվի Ֆրանսիա
Ջիբութիում ձերբակալվել է Պետեր Շերիֆը, որը հայտնի է նաև Աբու Համզա անունով, հաղորդում է Le Figaro- ն՝ նշելով, որ նրան պատրաստվում են արտահանձնել Ֆրանսիա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շերիֆը Քուաշի եղբայրների հետ կասկածվում է 2015-ին «Charlie Hebdo» շաբաթերթի խմբագրության վրա զինված հարձակում կազմակերպելու մեջ: Հրապարակման համաձայն՝ հարձակումը հենց նա է պատվիրել:
Նշվում է նաև, որ ձերբակալվածը Իրաքում գործող «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ է: 2006-ին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, սակայն2007 թվականին նրան հաջողվել է փախնել բանտից:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 7-ին երեք տղամարդ Փարիզում զինված հարձակում էին իրականացրել «Charlie Hebdo» երգիծական շաբաթերթի խմբագրության վրա: Հարձակման արդյունքում զոհվել էր 12 մարդ, այդ թվում՝ հրատարակչության գլխավոր խմբագիրը: