Սենատոր Ջեֆ Մերկլին հայտարարել է, որ Պուտինը հիպնոսացրել է Թրամփին
Արգենտնայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ ավելի լավ կլինի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Mediaite-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեֆ Մերկլին:
«Առաջին հերթին նրա (Թրամփի – Tert.am) դեմ հետաքննություն է տարվում՝ Ռուսաստանի հնարավոր միջամտության (2016 թվականի նախագահական ընտրություններին) հետ կապված: Մենք չգիտենք, թե ինչ ֆինանսական կապեր, շահերի բախումներ ունի նա», - հայտարարել է Մերկլին:
Նրա խոսքով՝ առաջնորների վերջին հանդիպումը թափանցիկ չէր, քանի որ զրույցի ժամանակ ներկա են գտնվել միայն թարգմանիչները: «Երբ (Թրամփը) դուրս եկավ (հանդպումից հետո), նա ամբողջությամբ ներկայացրեց Պուտինի դիրքորոշումն այնպես, կարծես հիպնոսացված էր», - նշել է սենատորը՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմին մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Նշվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում նախագահն ու պատվիրակությունը կհամագործակցեն բազմաթիվ ղեկավարների հետ, այդ թվում՝ նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Արգենտինայի, Ռուսաստանի նախագահների, Ճապոնիայի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հետ: