Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում բացվեց տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու բաց խորանը (տեսանյութ)
Տիեզերական եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու բաց խորանն արդեն իսկ մարդկանց հասանելի է Նոր Նորքի Սուրբ Սարգսի եկեղեցում, քանի որ այսօր խորանի բացման արարողություն էր։
Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը պատահական չէ ընտրված, քանի որ մինչ եկեղեցու կառուցումը նպատակ է եղել եկեղեցին հենց Նարեկացի անվանակոչել, սակայն կառուցումից հետո արդեն իսկ Սուրբ Սարգիս է անվանվել։ Նման խորան ունենալու գաղափարն ու ֆինանսավորումը եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայորդաց տան նախկին սաներինը՝ Էդմոնդ Կիրակոսյանինը և Արման Ջուլհակյանինը, որոնք մանկության ընկերներ են։
«Միշտ էլ ես ու Արմանը մտածել ենք, թե ինչ արժեքավոր նվեր մատուցենք մեր եկեղեցուն։ 2 տարուց ավել է, ինչ գործընթացը սկսել է, սակայն Տեր Նորայի հետ քննարկելուց հետ եկանք եզրահանգման, որ ճիշտը Նարեկացու անվան բաց խորան ունենալն է։ Հիմա մեր փոքրիկ ներդրում ունեցանք, կարծում եմ՝ հետագայում այստեղ ուխտագնացություններ կլինեն»,- ասաց Էդմոնդ Կիրակոսյանը։
Արման Ջուլհակյանն էլ, որը Նորքի Հայորդաց տան պարային խմբի ղեկավարն է, համաձայնելով ընկերոջ հետ, հավելեց, որ հենց այստեղից ստացած հոգևոր դաստիարակությունն է, որ դրել է նրանց մեջ այդ արժեքները։
«Յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է պատասխանատու լինի իր եկեղեցու և հավատքի նկատմամբ, քանի որ միայն հավատքն է, որ այսօր բոլորին պահում է միասնական»,- շարունակեց Արման Ջուլհակյանը։
Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը նշեց, որ իր համար այսօր յուրահատուկ օր է, քանի որ միշտ է ցանկացել Նարեկացու նյութական ներկայությունը տեսնել եկեղեցում։
«Հայորդաց տների սաներից կա, որ նման մեծագույն աղոթք է թողնում պատմությանը, ինչպես մեր տղաները։ Նրանք իրենց հոգու մեջ եղածը դրեցին հողի վրա սուրբ Գրիգոր Նարեկացու անունով։ Այստեղ ինձ միայն մնում է վեր առաքել աղոթքն առ տեր Աստված, որ յուրաքանչյուրը, ով կանգնած կլինի սուրբ խորանի առջև, այստեղից բժշկված գնա»,- ասաց Նորայր քահանան։
Մանրամասները՝ տեսանյութում։