ԵՄ-ը հատկացնում է 850,000 եվրո ՀՀ-ում ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար․ Սվիտալսկին ակնկալում է, որ դրանք կլինեն լավագույնը
Եվրոպական միությունը հատկացնում է 850 000 եվրո Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար:
Քաղհասարակության ներկայացուցիչների հետ պայմանագրերի ստորագրման արարողությանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ աջակցությունն իրենից մեծ ֆինանսական փաթեթ է ներկայացնում, որը կարողացել են ներգրավել շատ կարճ ժամանակահատվածում: «Այս ծրագրերը վերաբերում են ընտրությունների դիտարկմանը ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ քվեարկության օրը»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ իրենք այս ծրագրերի շրջանակում նախատեսում են օգնել հաշմանդամություն ունեցողներին, կանանց և առաջին անգամ ընտրություններին մասնակցողներին ներգրավվելու ընտրական գործընթացներում: «Մենք հուսով ենք, որ այդ ջանքերը կհանգեն ակնկալվող արդյունքների, ակնկալվող պտուղների:
Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդավարությունը մեկ օրվա մեջ չի կառուցվում: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդավարության կառուցման համար երկար ժամանակ է պահանջվում: Բայց մենք բոլորս հավատում ենք, որ սպասվող ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, միջազգային օրենսդրական պահանջներին»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում է, որ Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն լավագույնը երբևէ եղածներից:
Նշենք, որ նշյալ 3 ծրագրերի համար նախատեսված 850. 000 եվրոն տրամադրվում է Ժողովրդավարություն և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական Զամբյուղ»-ին զուգահեռ է, որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս: