Սաուդյան Արաբիայում դասագրքերն ատելություն են քարոզում հրեաների, քրիստոնյաների և միասեռականների նկատմամբ. զեկույց
ԱՄՆ-ում գործող «Հակազրպարտչական լիգա» հրեական իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է, որ Սաուդյան Արաբիայում 2018-2019 ուսումնական տարվա համար տպագրված դասագրքերն ատելություն են քարոզում հրեաների, քրիստոնյաների և միասեռականների նկատմամբ, գրում է The Daily Mail-ը: Զեկույցի հեղինակը «Հակազրպարտչական լիգա»-ի վաշինգտոնյան գրասենյակի միջազգային հարցերով տնօրեն Դեյվիդ Էնդրյու Վեյնբերգն է:
Ըստ զեկույցի՝ դասագրքերում գրված է նաև, որ կանանց «անհրաժեշտության դեպքում» կարելի է ծեծել: Այս ամենն արվում է՝ չնայած թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի՝ երկիրն «արդիականացնելու» խոստմանը:
«ԱՄՆ-ն չի կարող աչք փակել այն բանի վրա, որ Սաուդյան Արաբիան երկրի կրթական համակարգի միջոցով ամեն տարի հակասեմական քարոզչություն է տարածում: Վերջին տարիներին Սաուդյան Արաբիան, անկասկած, հասարակական և կրոնական ոլորտում նշանակալի բարեփոխումներ է իրականացրել, սակայն պետք է պայքարել նաև ատելություն քարոզող այն հերյուրանքների դեմ, որոնք ուսուցանվում են սաուդցիների հաջորդ սերունդներին»,- ասել է «Հակազրպարտչական լիգա» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ջոնաթան Գրինբլաթը:
Ուսումնասիրված դասագրքերը երկրում «մեծ տպաքանակ» ունեն և օգտագործվել են աֆրիկյան, եվրոպական, ասիական որոշ երկրներում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում չեղարկվել է կանանց մեքենա վարելու արգելքը, նրանց թույլատրել են նաև այցելել մարզադաշտ և ֆուտբոլային խաղեր դիտել: