Քաղաքավարի տվել ենք մեր հարցերը, ստացել պատասխանը և բարեկամաբար բաժանվել. Լ. Նազարյանը՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակ չընդգրկվելու վերաբերյալ Ն. Մկրտչյանի հոդվածի մասին
Ընդամենն ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հոդվածին, որտեղ նա ներկայացրել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակ ընդգրկվելու համար ՔՊ վարչության անդամներն իրեն հավատաքննության են ենթարկել:
«Մենք հանդիպել ենք շատ բարյացակամ միջավայրում, զրուցել ենք հարյուրավոր մարդկանց հետ, որոնք մեր ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել, կամ մենք ենք ցանկացել նրանց հետ հանդիպել: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել շատ լավ միջավայրում, քաղաքավարի զրուցել ենք բոլորի հետ, ստացել ենք պատասխանները և բարեկամաբար հրաժեշտ ենք տվել»,- ասաց նա:
Ըստ Լենա Նազարյանի՝ հավատաքննություն չի եղել: «Հաշվի առնելով ներկա իրողությունը, նրա վերաբերմունքը, իմանալով, որ տիկին Մկրտչյանը շատ բացասական տրամադրվածություն ունի ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի նկատմամբ, մեզ հետաքրքրել է նրա պատասխանը: Ես չգիտեմ՝ ինչպես է նա հրավերը ստացել, եղել են տարբեր թեկնածուներ, որոնց հետ զրուցել ենք, պարզել ենք այդ զրույցների ընթացքում, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին համագործակցել»,- ասաց նա:
Հարցին, թե այսինքն՝ այլակարծությունը չի՞ հանդուրժվում ՔՊ-ում, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չի հանդուրժվում, ինչո՞ւ եք կարծում, որ հենց դա է եղել պատճառը»: Նրա խոսքով՝ վիրավորական գրառումներ է կատարել նարինե Մկրտչյանը, բայց դա չի եղել խնդիրը:
«Ես հետաքրքրվել եմ, որ այդպիսի վառ արտահայտված բացասական վերաբերմունք կա, դա չի՞ խանգարի նրան հետագայում լինելու մի քաղաքական թիմի կազմում, որը, ըստ էության, շարունակում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ եղել է: Ես էթիկապես ճիշտ չեմ համարում նրա պատասխանը բացահայտելը, նաև էթիկապես ճիշտ չեմ համարում, որ նա է բացահայտել մեր խոսակցությունը, ոչ մի վիրավորական բան չի եղել նրա հասցեին, քաղաքավարի տվել ենք մեր հարցերը, ստացել ենք պատասխանը և բարեկամաբար բաժանվել ենք»,-ասաց նա և նշեց, որ հավանաբար գրառման պատճառն այն է եղել, որ ցուցակում չեն ընդգրկել: