Ես ՀՀ-ից մեկնելու եմ, բայց ոչ մշտապես, իմ աշխատանքային գործունեությունը վերաբերելու է ՄԻՊ ոլորտին. Գևորգ Կոստանյան
ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու հարցով ինչու նիստեր այլևս չեն գումարվում: «Քանի որ քվորում չի ապահովվում, պարզ է, եթե քվորում չկա, ես մենակ որևէ բան չեմ կարող անել»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ ձեռք չեն բերել բավարարար չափով տեղեկություններ ու փաստեր, որպեսզի վերջնական եզրակացություն անեն:
«Եկել ենք այն եզրակացության, որ քվորումի ապահովման խնդիր կա ի սկզբանե, քվորում չենք կարողանում ապահովել բավական օբյեկտիվ պատճառներով: Բայց ես հույս ունեմ, որ հաջորդ պառլամենտը ևս այս խնդրին կանդրադառնա, որովհետև գաղտնալսման հարցը իրականում ազգային անվտանգության խնդիր է, կապված չէ կուսակցական կամ քաղաքական շահերի կամ նպատակահարմարության հետ»,- ասաց նա:
Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ հաջորդ պառլամենտում ևս կստեղծվի քննիչ հանձնաժողով, որոպեսզի այս հարցերին սպառիչ պատասխաններ տան:
Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, որ հնարավոր է նա պաշտոն ստանա և մնա Հայաստանում, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատանքի հրավեր ունի դրսից:
«Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես երբեք չեմ գնալու երկրից։ Երկրից չեմ կարող կտրվել, երբեք, որևէ պարագայում։ Առիթ ունեցել եմ ասելու՝ իմ կենսագրության տարբեր ժամանակներում ունեցել եմ հնարավորություն՝ լինել արտերկրում, տարբեր միջազգային մարմիններում աշխատելու համար, բայց մերժման պատճառն այն է եղել, որ սա մեր երկիրն է։ Գալիս է մի պահ, երբ քո որոշումը ավելի շատ բարոյական հարթության մեջ է, քան զուտ աշխատանքային։ Ես անկեղծ եմ ասում՝ աշխատանքային խնդիր չունեմ», -ասաց նա:
Իսկ թե ի վերջո որտե՞ղ է աշխատելու, Կոստանյանն ասաց, որ պառլամետական գործունեությունը իրենը չէ և առնվազն 5 տարի ներգրավված չի լինելու:
«Ես մեկնելու եմ, բայց, բազմանշանակ ասացի, որ մշտական չէ, որոշակի ժամանակահատվածով և որոշակի նպատակով»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքային գործուենությունը հետագա բոլոր դեպքերում լինելու է իրավագիտության և, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող: