1,5 մլրդ դոլար. ԱՄՆ-ում չեն կարողանում գտնել Меga Millions-ի ահռելի ջեքփոթը շահած անձին
Միացյալ Նահանգներում արդեն երեք շաբաթ է, ինչ ի հայտ չի գալիս Mega Millions վիճակախաղի 1,5 մլրդ դոլարանոց ջեքփոթը շահած անձը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, շահող տոմսը վաճառվել է հոկտեմբերի վերջին` Հարավային Կարոլինա նահանգի Սիմփսոնվիլ քաղաքում: Հաղթող թվային կոմբինացիան հետևյալն է՝ 5, 28, 62, 65, 70, 5:
Վիճակախաղի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ եթե հաղթողը չարձագանքի մինչև ապրիլի 21-ը, նա կկորցնի շահումը:
Սակայն Morgan Stanley ֆինանսական ընկերության աշխատակիցներից մեկը՝ ֆինանսական խորհրդատու Մայքլ Սիլվերը, նշել է, որ հաղթողի նման հապաղումը միանգամայն հասկանալի է: Նրա կարծիքով՝ երջանիկ հաջողակն այժմ խորհրդակցում է համապատասխան մասնագետների հետ, քանի որ չի ցանկանում արագ որոշում կայացնել նման ահռելի գումարի հարցով:
Նա նաև մանրամասնել է, որ դաշնային հարկերի գանձումից հետո շահողը մեկուկես միլիարդից կստանա «ընդամենը» 491.7 մլն դոլար: