ՀՀ–ում կկառուցվի բարձր օգտակար գործողության ջերմակայան, մի քանի օրից կգործարկվի ատոմակայանի նոր տուրբինը. Գարեգին Բաղրամյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց օրենսդրական բարեփոխումները և նշեց, որ ըստ նոր օրենքի՝ նախատեսվում է որոշակիորեն բարելավել այսօրվա գործող էներգետիկ շուկայի մոդելը և մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում է կատարվելու ավելի ազատական մոդելի:
«Նախատեսում ենք ունենալ մինչսահմանային առևտրի ավելացում, նոր շուկայի մոդելի արդյունքում հնարավորություն կստեղծվի ներմուծելու ավելի էժան էլեկտրաէներգիա»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերջերս Երևանի ջերմակայանի տարածքում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման համաձայնագիր է ստորագրվել: «Այդ համաձայնագիրը դեռևս երկու տարի է, ինչ քննարկվում էր, և նոր կառավարությունը խնդիր էր դրել վերաբանակցելու, և նախապես պայմանավորված գինն իջեցվել է 5,7 ցենտի:
Բավականին բարձր օգտակար գործողության կայան է կառուցվելու, այսօրվա գներով ամենաէժան ջերմակայանը կլինի հանրապետությունում, կառուցման ընթացքը կտևի 26 ամիս, շինարարությունում կներգրավվի 1000-1200 աշխատող, այնուհետև 250 աշխատող կունենա էներգաբլոկը»,-ասաց նա:
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Երևան ՋԷԿ-ում ավարտվել են վերազինման աշխատանքները, նոր տեխնոլոգիա է ներդրվել, ներկայումս աշխատում է շուրջ 14-15 մեգավատով ավելի բարձր հզորությամբ, քան նախկինում էր: «Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները, մի քանի օրից նոր տուրբինը կգործարկենք և արդյունքում ատոմակայանում կունենանք ևս 20 մեգավատ հզորության ավելացում կոնկրետ այդ սարքավորումներով: Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ տուրբինի գործարկում, որի արդյունքում կունենանք տասը տոկոս հզորության ավելացում նույն վառելիքի ծախսի պարագայում»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրվել են թույլտվությունները, և 127 ընկերության ներկայացվել են համապատասխան զգուշացումներ պարտավորությունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ, 28 ընկերությունից 23-ի նկատմամբ զգուշացումներ են եղել, և հինգ ընկերություն զրկվել է ընդերքի օգտագործման իրավունքից:
«Բոլոր պետական ձեռնարկություններում վերանայվում են աշխատողներն ու հաստիքացուցակները»,-ասաց նա: