Թրամփը «խայտառակություն» է որակել դատարանի կողմից ապօրինի ներգաղթյալներին ապաստան չտրամադրելու վերաբերյալ իր որոշման արգելափակումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «խայտառակություն» է որակել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանի դատավոր Ջոն Թիգարի վերջին վճիռը, որով նա արգելափակել է Թրամփի՝ ապօրինի ներգաղթյալներին ապաստան չտրամադրելու վերաբերյալ հրամանագիրը:
«Սա խայտառակություն է, ու ես պատրաստվում եմ մեծ բողոք ներկայացնել: Դուք չեք կարող հաղթել»,-Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախագահը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփը մանրամասնել է, որ ի վերջո կդիմի Գերագույն դատարան:
«Այդպես եղավ նաև օտարերկրացիների՝ ԱՄՆ մուտք գործելու արգելքի դեպքում, և մենք հաղթեցինք»,- հիշեցրել է նախագահը:
Հայտնի է, որ Թրամփը նոյեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, որով որոշվել է, որ հարավային սահմանից ապօրինի ճանապարհով ԱՄՆ եկած ներգաղթյալներն ապաստան ստանալու իրավունք չեն ունենա:
Նախագահը մանրամասնել էր, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են, քանի որ Հարավային Ամերիկայից եկող ներգաղթյալների «քարավաններն» ավելի են մոտենում Միացյալ Նահանգներին, ինչն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգությանը: Սակայն դատավոր Ջոն Թիգարը վճռել է, որ նույնիսկ ապօրինի ճանապարհով երկիր մուտք գործած ներգաղթյալներն ապաստան ստանալու իրավունք ունեն: