Մեր բանակցություններն ընթանում են սահմանին բոլոր երկրների հետ գները համադրելի դարձնելու ուղղությամբ. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի մասին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և ինքը նոր բան չի կարող ասել:
Այս մասին նախարարը նշեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով գազի վերաբերյալ հարցադրումներին: Ինչ վերաբերում է Բելառուսին ՌԴ-ի կողմից ավելի էժան գնով գազ վաճառելուն, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Բելառուսն անմիջապես սահմանակից է ՌԴ-ին, և իրեն մատակարարվող գազը ավելի էժան է: Մեր բանակցությունները գնում են այդ ուղղությամբ, որ սահմանի բոլոր գները լինեն համադրելի, այսինքն, եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, ապա հաշվի առնելով տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի հետ, առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով, և բանակցություններն այդ շրջանակում են ընթանում:
Բացարձակ արժեքով չի կարող նույնը լինել, և առնվազն պետք է դրան գումարվի տարանցումը»: Նա հիշեցրեց, որ այս պահին գազը սահմանին 150 դոլարով է վաճառվում: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին, ապա նա ասաց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում:
«Պետական ձեռնարկությունների առումով մեր բոլոր խնայողությունները, օպտիմալացումները շարունակական պրոցես են, ինչ որ կհասցնենք, կներկայացնենք իրենց»,-ասաց նա: Անդրադառնալով ատոմակայանի հարցին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ տնօրենի հետ քննարկել են 2019 թվականին նախատեսված աշխատանքները, և որոշ աշխատանքների համադրումով հնարավոր է եղել կրճատել նորոգման կանգնելու տևողությունը, և հիշեցրեց, որ 2018 թվականին ատոմակայանը կանգնած է եղել վեց ամիս, իսկ 2019 թվականին երկրորդ տուրբինն է փոխվելու:
«Երբ կավարտվի ատոմակայանի ծառայության տասը տարվա ժամկետը, և եթե պարզվի՝ ռեակտիվի կյանքի տևողությունը դեռևս իրեն չի սպառել, կստանանք անհրաժեշտ թույլտվությունը, առաջնահերթությունը կդրվի անվտանգությունը, ապա կերկարաձգվի ինչ-որ ժամանակահատվածով, իսկ թե որքանով, դա պարզ կլինի ուսումնասիրությունների արդյունքում»,-ասաց նա և նշեց, որ նոր ատոմակայանի կառուցումը ևս իրենց օրակարգում է: